Մեր թիմը

ԼԷՕ-ն համախոհների ու գործընկերների թիմ է։ Մեր կազմակերպության համահիմնադիրներն են՝

Անգելինա Գաբրիելյան
Ստացել է արևելագիտության մագիստրոսի աստիճան (իրանագիտություն մասնագիտությամբ) Երևանի պետական համալսարանից։ Ներկայումս նույն համալսարանի ասպիրանտ է, հետազոտության թեման Իրանում ներքաղաքական զարգացումներն են Հասան Ռուհանիի նախագահության տարիներին։ Որպես իրանագետ-քրդագետ աշխատել է «Կովկաս-կասպյան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ինստիտուտ» հիմնադրամում և Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում։ Տարբեր տարիներին հեղինակել է գիտական աշխատանքներ՝ նվիրված Անդրկովկասում քրդերի պատմությանը։ Մասնագիտական հետաքրքրությունների ոլորտը բաղկացնում են Իրանի ժամանակակից քաղաքական պատմությունը, Իրանի արտաքին քաղաքականությունը, քրդական լեզվի և ինքնության հիմնահարցերը։

Էդգար Էլբակյան
Ստացել է միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան Երևանի պետական համալսարանից։ Ներկայումս նույն համալսարանի ասպիրանտ է, հետազոտության թեման ԱՄՆ-ի և Ադրբեջանի հետսառըպատերազմյան հարաբերություններն են։ Որպես տարածաշրջանային հարցերի փորձագետ աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում, Երևանի պետական համալսարանի Ռազմավարական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիայում։ Որպես հոդվածագիր թղթակցում է հայկական տարբեր հրատարակություններին, այդ թվում՝ երկար տարիներ՝ «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթին։ Հեղինակ է շուրջ մեկ տասնյակ գիտական հոդվածի, 2 մենագրության։ Մասնակցել է գիտաժողովների Հայաստանում և արտերկրում՝ Չեխիայում, Լեհաստանում, Թուրքիայում, Սինգապուրում։ Մասնագիտական հետաքրքրությունների ոլորտը բաղկացնում են Ադրբեջանի արտաքին և ներքին քաղաքականությունը, ԼՂ հակամարտության և պատերազմի պատմությունը, ազգայնականությանը և ինքնությանը վերաբերող հիմնահարցերը։

Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ է, սովորել է Երևանի, Սանկտ Պետերբուրգի և Ստամբուլի արևելագիտական կենտրոններում: Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի ասիստենտ է։ Զբաղվում է Մերձավոր Արևելքի և իսլամական հասարակությունների հետազոտություններով, պատմական գիտությունների թեկնածու է (Ph.D.)։ Որպես հրավիրյալ վերլուծաբան աշխատել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, հայկական և արտասահմանյան հետազոտական կազմակերպություններում։ Նա հրավիրյալ դասախոս է Հայաստանի և ՌԴ մի շարք կրթական հաստատություններում։ Տևական ժամանակ աշխատել է որպես Սանկտ Պետերբուրգի (ՌԴ) Հայկական ազգային-մշակութային ինքնավարության փոխնախագահ։ Վարուժան Գեղամյանը Մերձավոր արևելյան և կովկասյան հետազոտությունների հայկական ասոցիացիայի համահիմնադիրն է։ Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների և կոլեկտիվ մենագրությունների։ Նրա սյունակները հայտնվել են Forbes-ում, MK Turkey, Tert.am-ում, PanArmenian.Net-ում և այլուր։